«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառում
Մայիսի 18-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի անցկացվեց «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:
«Թանգարանների գիշեր» միջոցառումն առաջին անգամ անց է կացվել Բեռլինում՝ 1997 թ.-ին: Այնուհետև լայն տարածում է գտել Եվրոպայի տարբեր երկրներում: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005 թ-ից, այն դարձել է հայկական մշակութային կյանքի կարևոր մասնիկը: Այս միջոցառումների թիվը տարեցտարի մեծանում է, որին իրենց ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարաններ:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տրամադրություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է գեղանկարիչ Արմեն Հարությունյանը, ով ՀՀ նկարիչների միության անդամ է: Մասնակցել է միջազգային, ինչպես նաև «Հայկական ներկապնակ» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին:
Հայն իր բնույթով արարող է, ստեղծագործող, հանճարեղ՝ գիտության, արհեստի ու արվեստի բնագավառներում: Եվ քիչ չեն այն հայազգի ներկայացուցիչները, ովքեր իրենց գործունեությամբ բարձր գնահատանքի ու հիացմունքի են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում:
Ելույթներով հանդես եկան Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արայիկ Հակոբյանը, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Արմեն Ճյուղուրյանը, գրող-հրապարակախոս Վանուշ Շերմազանյանը:
Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը ողջունեց ներկաներին և ինքնատիպ ցուցահանդես ներկայացնելու համար Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Արմեն Հարությունյանին շնորհեց շնորհակալագիր:
Շնորհակալագիր տրվեց նաև շնորհաշատ Սոնա Մկրտչյանին՝ գեղեցիկ ցուցահանդես ներկայացնելու համար: