Պատմական ակնարկ

Հայաստանի հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական նպատակը բնակչության բնապահպանական դաստիարակությանը և բնապահպանական կրթությանը նպաստելն է, ինչպես նաև բնապահպանական քարոզչություն իրականացնելը:

Հայաստանի բնության պետական թանգարանը հիմնադրվել է մայրաքաղաք Երևանում 1952թ-ին «Կապույտ» մզկիթի բակում: Այն ԽՍՀՄ տարածքում գործող բնության 8 համալիրային  թանգարաններից մեկն էր հանդիսանում:

Մշտապես գործող ցուցադրությունից զատ թանգարանը բազմիցս կազմակերպել է հետաքրքիր և ուսանելի ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ, մրցույթ-վիկտորինաներ, ռադիոհաղորդումներ:

Բացի մայրաքաղաքում կազմակերպվող մասսայական միջոցառումներից ԽՍՀՄ-ի օրոք թանգարանը իրականցրել է շրջիկ ցուցահանդեսներ, կինո-դասախոսություններ հանրապետության հեռավոր շրջաններում, պիոներական ճամբարներում իրենց ամառային հանգիստը անցկացնող դպրոցականների համար:

Թանգարանը 80-ականներին իր հովանու տակ հավաքելով մայրաքաղաքի ձկնասերներին, թռչնասերներին, շնասերներին, կատվասերներին ստեղծեց ձկնասերների`«Սևան», թռչնասերների` «Կռունկ», շնասերների՝ «Արալեզ» և կատվասերների՝ «Վանա կատու» ակումբները: Վերջիններս թանգարանի հետ միասին պարբերաբար կազմակերպում էին ցուցահանդեսներ, որոնք մեծ մասսայականություն էին վայելում բնակչության շրջանում:

1988թ-ի երկրաշարժի ծանր սթրեսից Շիրակի մարզի երեխաներին դուրս բերելու նպատակով թանգարանն իր ուժերով 1991թ-ին մշտական ցուցադրություն հիմնեց Գյումրի քաղաքում: Վերջինս սեփական տարածք չունենալու պատճառով, 2012թ.-ին վերաբացվեց ՀՀ բնապահպանության նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի այցելուների կենտրոնում, որպես «Շիրակի»  մասնաճյուղ:

90-ականներին «Կապույտ» մզկիթի վերանորոգման աշխատանքների պատճառով հիմնովին քանդվեց և անտունի դարձավ տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Հայաստանի բնության պետական թանգարանը: Թանգարանի պահպանման և հետագա գործունեության զարգացման գործում իր հարուստ գիտելիքները, հմտությունն ու ջանքերն է ներդրել բնության թանգարանի հիմնադիրներից մեկը` Իրեն Արտավազդի Ֆրանգյանը: Շնորհիվ թանգարանի աշխատակիցների, ի դեմս տնօրեն տիկին Ֆրանգյանի կողմից դրսևորած համառ կամքի և հայրենասիրության` 2004թ-ի նոյեմբերի 5-ին Տիգրան Մեծի 34 հասցեում վերաբացվեց Հայաստանի բնության պետական թանգարանը  և վերածնվեց նրա 13 տարի չգործող մշտական ցուցադրությունը:

Այս ազգանվեր գործում իրենց անգնահատելի ներդրումն ունեցան թեհրանահայ բարերարներ տեր և տիկին Ահարոնյանները: Նրանք աջակցեցին թանգարանին հատկացված կիսավեր շենքի հիմնանորոգման, կահավորման աշխատանքներին, ինչպես նաև իրենց անձնական հավաքածուից թանգարանային արժեք ներկայացնող բազմաքանակ ցուցանմուշներ նվիրաբերեցին թանգարանին:

Վերածնվեց մի կառույց, որը կոչված է տարածել անսահման սեր, բարություն, հոգատարություն, սրտացավություն հայրենի բնության հանդեպ և նպաստել հայրենի բնության պահպանության նվիրական գործին: