Մշտական ցուցադրություն

Սրահ I

srah_1Այցելուի  ծանոթությունը Հայաստանի բնության հետ սկսվում է ՀՀ ռելիեֆը ներկայացնող մանրակերտից, կարող է ծանոթանալ հանրապետության ընդերքը հարստացնող մետաղական, ոչ մետաղական օգտակար հանածոներին, կիսաթանկարժեք քարերին, ինչպես նաև ընդերքի հարստությունների շարքին դասվող քաղցրահամ և բազմաթիվ հանքային ջրերին՝ նաև հողատեսակներին՝ ներկայացված մենաքարերի տեսքով, կլիմայական առանձնահատկություններին, ջրագրությանը, բուսածածկույթին, մասնավորապես  վայրի հացազգիներին, որոնք գտնվում են պետական պահպանության ներքո:

Սրահ մտնելով այցելուն տեղեկություն կարող է ստանալ սրբազան մեռոնի պատրաստման և բաղադրիչների մասին: Տեղ է հատկացված նաև Հայաստանի բնության անցյալը ներկայացնող, տարբեր դարաշրջաններին պատկանող բրածո նմուշներին:

Սրահներում առաջնակարգ տեղ է զբաղեցնում բնության պահպանությունը, ցուցադրված է բուսական և կենդանական աշխարհի առավելապես վտանգի ենթարկված, անհետացող և հազվագյուտ տեսակների հաշվառման ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը և բնության հատուկ պահպանվող տարածքները՝ ներկայացված քարտեզների և վահանակների տեսքով:

Սրահ II

srah_2Քանի որ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, ուստի այցելուն երկրորդ և երրորդ սրահներում հնարավորություն ունի հետաքրքիր էքսկուրս կատարել բնակլիմայական գոտիներով` սկսելով կիսաանապատային գոտուց հասնելով մինչև ալպիական գոտի: Կիսաանապատային գոտին ներկայացված է Արարատյան դաշտի տեսարանով, որտեղ խաղողի վազի վրա ցուցադրված են խաղողի տարբեր ցրտադիմացկուն տեսակներ, զամբյուղներում՝ մրգերի, հատապտուղների և բանջարանոցային կուլտուրաների ընտրանի՝ ներկայցված մոմե և գիպսե հմտորեն պատրաստված կաղապարվածքներով, ինչպես նաև գոտուն բնորոշ որոշ բուսատեսակներ և կենդանատեսակներ: Սրահում ներկայացված են նաև Հայաստանում հանդիպող թռչուններ, այդ թվում՝ ջրաճահճային և գիշատիչ:

Անտառային գոտին ներկայացված է Դիլիջանի անտառի և Խոսրովի անտառ-արգելոցի տեսարաններով, ցուցադրված են ՀՀ անտառներին բնորոշ ծառերի և թփերի բնափայտի կտրվածքներ և սերմեր:

Սրահ III

srah_3Սրահում ներկայացված է տափաստանային գոտին, որը հանրապետությունում ամենատարածվածն է: Այստեղ ձևավորված է այս գոտուն բնորոշ «բարձիկավոր» բույսերի բնական անկյուն: Ներկայացված է նաև տիպիկ գիշատիչ սովորական գայլը, ինչպես նաև խոշոր գիչատիչ թռչուններ: ՀՀ-ին բնորոշ երկկենցաղների և սողունների դասը ներկայացված է վահանակի տեսքով:

Ցուցադրված է նաև լեռնամարգագետնային գոտին, որը ընդգրկում է բարձր լեռնազանգվածներն ու սարահարթերը: Այս գոտին հարուստ չէ կենդանական աշխարհի տեսակներով, բայց շատ ինքնատիպ է:

Սրահ IV

srah_4Սրահը նվիրված է թեհրանաբնակ բարերարներ տեր և տիկին Ահարոնյանների ընտանիքին:

Այստեղ ներկայացված են նրանց անձնական հավաքածուից թանգարանին նվիրաբերած թանգարանային արժեք ներկայացնող բազմաթիվ ցուցանմուշներ՝ Մուֆլոն, Բեզոարյան այծ, Ջեյրան, Կովկասյան ընձառյուծ, Վարազ, Ջրասամույր, Սովորական գայլ, Սովորական աղվես և այլ կենդանատեսակներ: