Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում և թանգարանի առաջին սրահի վերաբացում
Ս/թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ շուրջ 5 տարի չգործող թանգարանի առաջին սրահի վերաբացումը՝ շնորհիվ բարերար Լևոն Ահարոնյանի:
Անցկացվեց նաև Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, բարերար Լևոն Ահարոնյանը, Ազգային ժողովի գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանն իր ելույթում նշեց, որ թանգարանն իր բնույթով եզակի է. «Երկար տարիներ տարածաշրջանում այն առաջինն էր: Այն մեր երկրում գլխավորն է»: Նախարարի տեղակալը նախարարության անունից շնորհակալագիր հանձնեց բարերար Լևոն Ահարոնյանին՝ ի նշան երախտագիտության:
Բարերար Լևոն Ահարոնյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու համար: Լևոն Ահարոնյանին շնորհակալագիր հանձնեց նաև թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը:
Թանգարանի համար կրկնակի տոն էր: ՀՀ մարզերում, քաղաքամայր Երևանում, աշխարհասփյուռ հայության բազմաթիվ գաղթօջախներում շարունակվում են ՀՀ անկախության 27 -ամյակին նվիրված միջոցառումները:
Ցավոք, ծովից ծով Հայաստանից մեզ ժառանգություն մնաց մի տարածք, որն անգամ անզեն աչքով չի նշմարվում համաշխարհային քարտեզի վրա: Սակայն այդ փոքրիկ տարածքն էլ բավական է հասկանալու, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից՝ ժառանգություն, որը ներառում է ուժ, հավատ, սակայն փոքրիկ մի երկիր, որը երբևէ մոռացնել չի տալիս իր մասին:
Եվ հենց այս ուժը և հավատը վերակենդանացրեցին շուրջ 300 տարի պետականություն չունեցող ժողովրդին՝ ստիպելով ոտքի կանգնել և 1991թ. սեպտեմբերի 21-ին սեփական շուրթերով աշխարհին հայտարարել Հայաստանի Հանրապետություն անունը: Այն, ինչ այսօր մենք ունենք, իսկապես հայ ժողովրդին նվիրումի, զոհաբերությաան և խիզախության արդյունքն է:
Իրենց ելույթներով ներկաներին ողջունեցին Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները, ովքեր Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից արժանացան շնորհակալագրի:
Անկախության տոնի առթիվ ելույթով հանդես եկան «Կին ազատամարտիների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, արձակագիր Հայկանուշ Օհանյանը և Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի փոխտնօրեն Վ. Բալիկյանը:
Միջոցառման շրջանակներում բացվեց «Բնության ներշնչանք» խորագրով ցուցահանդեսը, որի հեղինակներն էին ՀՀ նկարիչների միության անդամներ, գեղանկարիչներ Մաքսիմ Գիքինյանը, Վլադիմիր Սիմոնյանը և Էդիկ Արևշատյանը: Ցուցահանդեսի հեղինակները ևս Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով: