Հայաստանի բնության պետական թանգարանը նշում է իր գործունեության 85-ամյակը:

Ս/թ սեպտեմբերի 18-ին Հայաստանի բնության պետական թանգարանը նշում էր իր գործունեության 85-ամյակը:
Թանգարանն իր գործունեությամբ փորձում է հանրության շրջանում հնարավորինս ամրապնդել բնության վերաբերյալ գիտելիքների խորացումն ու հոգատարությունը, նրա մեծ ներուժը նպաստում է լուրջ քայլեր կատարելու բնապահպանական գլոբալ խնդիրները հանրությանն իրազեկելու , ճանաչելի դարձնելու և էկոլոգիական մշակույթ ձևավորելու գործում: Եվ պատահական չէ այն հագամանքը, որ թանգարանի գլխավոր այցելուները ամենակրտսերներն են, քանի որ իրենք են բնության պահպանության շարունակողները:
Հայաստանի բնության պետական թանգարանը ինքնատիպ է, քանզի թանգարանային արժեք ներկայացնող ցուցանմուշները բնական են և պահանջում են առանձնահատուկ հոգատարություն և խնամք, որն իրականացվում է թանգարանի աշխատակիցների կողմից՝ կատարելով ցուցանմուշների ախտահանում և մաքրում: Թանգարանի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև համազգային և համաքաղաքային շաբաթօրյակներին և էքսպո ցուցահանդեսներին:
Թանգարանին շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, թանգարանի բարերար Լևոն Ահարոնյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, ՀԿ–ների ներկայացուցիչներ, թանգարանների աշխատակիցներ, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, լրագրողներ և այլն:
Հյուրերին ողջունեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը, որից հետո շնորհավորական խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Միջոցառմանը թանգարանի փոխտնօրեն Ռուզաննա Զոբաբուրյանը ներկայացրեց թանգարանի հիմնադրման պատմությունը և թանգարանի գործունեությունը, որին զուգահեռ ցուցադրվեց այդ ամենը վկայող հոլովակ: Առանձնահատուկ ուշադրության էին արժանացել թանգարանի հետ համագործակցող և սերտ կապի մեջ գտնվող արվեստագետներ, ուսուցիչներ, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-եր:
Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհակալական խոսքեր, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:
Թանգարանի բարերար Լևոն Ահարոնյանը Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիայի գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանի կողմից պարգևատրվեց Ասպետաց ակադեմիայի Տիգրան Մեծ շքանշանով:
Թանգարանային արժեք ներկայացնող ցուցանմուշներից բացի, թանգարանի ֆոնդադարանում դեռևս 60-ական թվականներից պահպանվում են հանրահայտ հայ նկարիչների գործեր, որոնք ցուցադրվել էին թանգարանի ճեմասրահում:
Հոբելյանական երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ: