Շրջակա միջավայրի պահպանության օր
1972թ.-ին հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է շրջակա միջավայրի պահպանության օր և 2004թ-ից այն Հայաստանում նշվում է որպես բնապահպանի օր: Օրվան նվիրված Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Նկարում են փոքրիկ բնասերները» խորագրով միջոցառումը և «Գույները պատմում են բնության տարերքի մասին» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Բնապահպանն առաջին հերթին ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում, պետք է սիրես բնությունը որպեսզի պաշտպան կանգնես ու պայքարես բնապահպանական խնդիրների լուծման համար:
Ցուցահանդեսին մասնակցում էին Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոնի սաները՝ Անուշ Դավթյանի ղեկավարությամբ:
Միջոցառման շրջանակներում երեխաները կավճանկարչությամբ արտահայտեցին իրենց հոգատար վերաբերմունքը բնության նկատմամբ: Թանգարանի կողմից ստեղծված հանձնաժողովը գնահատեց և ընտրեց լավագույն աշխատանք կատարած և աշխատանքը մեկնաբանած երկու մասնակիցների, ովքեր պարգևատրվեցին նվերներով
Բնապահպանի օրվա կապակցությամբ Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրինության կողմից մասնակիցներիը ստացան օրվան համահունչ վերնաշապիկներ:
Օրվա տոնակատարությունը նպատակ ունի յուրաքանչյուր մարդու մեջ արթնացնել շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն: Այլ խոսքով՝ անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել ակտիվորեն նպաստելու կայուն եւ արդարացի զարգացմանը, նպաստել այն ընկալմանը, որ բնապահպանական հարցերի հանդեպ մոտեցումների փոփոխության հիմնական շարժիչ ուժը մենք ինքներս ենք, մեր հասարակությունը:
Շնորհավորում ենք բոլորիս բնապահպանի օրվա կապակցությամբ, քանի որ այն ոչ միայն մասնագետների, այլև բոլորիս տոնն է, քանզի մենք բնության մի մասնիկն ենք ու առանց նրա, համաձայնեք, գոյատևել չենք կարող: